07/05/2026
Պատմություն 11
Ես Անժելան եմ՝ մի Աստվածային հրաշք բալիկի մայր։ Ունեմ նաև երկու ակտիվ ձագուկներ, բայց այս պահին խոսքս միայն իմ հրաշք Դավիդի մասին է։
Աստված ի սկզբանե իմ մեջ ուժ է դրել ու մի մեծ սեր, որպեսզի հենց ես լինեմ նրա մայրը։ Տղաս՝ Դավս, մինչև երկու տարեկան բառեր էր ասում, հետո հանկարծ դադարեց խոսել։ Շատ լուռ դարձավ, և դա ինձ սկսեց անհանգստացնել։
Բժիշկները խորհուրդ տվեցին ստուգել լսողությունը։ Ստուգեցինք, գրեցին, որ լսողության հետ խնդիր չկա, և անմիջապես կենտրոնացան աուտիստիկ սիմպտոմատիկայի վրա։ Այդպես սկսվեց մեր երկար ճանապարհը՝ հազար լոգոպեդ, հոգեբան, հարյուրավոր բժիշկներ ու տարբեր մասնագետներ… 3-ից մինչև 6.5 տարեկան մենք անցանք այդ ամենի միջով, բայց ոչ մի արդյունք չկար։
Մի օր, կարծես, աղոթքներս հասան Աստծուն։ Մի արտասահմանցի ԼՕՌ բժիշկ էր եկել, և մենք որոշեցինք գնալ նրա մոտ։ Պարզվեց՝ այսքան տարիներ տղայիս ականջներում հեղուկ է կուտակված եղել, նաև մեծ ադենոիդներ ուներ, որոնք նույնպես ազդել էին խոսքի վրա։
Վիրահատեցինք 7 տարեկանում։ Սկզբում փոփոխություն չկար, բայց հիմա՝ 7.5 տարեկանում, արդեն բառեր է ասում, նույնիսկ փորձում է կրկնել։
Աստված զորեղ է։ Հավատացեք՝ մի օր հաստատ մի դուռ կբացվի ձեր առաջ։ Թե ինչ հոգեվիճակում եմ ես եղել այս տարիների ընթացքում, գիտի միայն Աստված… և Նա ինձ անպատասխան չթողեց։
Հավատքը ամենամեծ ուժն է։
Ես երբեք չեմ չարացել, չեմ նախանձել՝ մտածելով, թե ինչու իմ երեխան այսպիսին է, իսկ ուրիշինը՝ ոչ։ Այս ամենը Աստծո շնորհիվ է, և ինչու չէ՝ նաև իմ մեջ դրված անսահման սիրո։
Հաճախ գրկեք ձեր առանձնահատկություն ունեցող բալիկին։ Նա ամենաշատը ձեր կարիքն ունի։ Ամեն օր մի մոռացեք ասել, թե որքան շատ եք սիրում նրան, և թե որքան երջանիկ եք, որ Աստված հենց ձեզ է ընտրել որպես նրա մայր։ 🥰
👏 Պատմության մեջ անունները փոխված չեն 🤍